Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեում Հայաստանի շահագրգռվածությունն ակնհայտ է։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փորձագետ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ քրդական հարցն անմիջականորեն շոշափում է նաեւ «Հայկական հարցը»։
«Եթե հիշում եք, Սեւրի պայմանագրում խոսվում էր քրդական եւ հայկական ինքնավարություններ ստեղծելու մասին։ Քրդական պետության ստեղծմանը կողմնակիցներ եւ հակառակորդներ կան։ Չնայած դրան՝ իմ կարծիքով գործընթացն այլեւս կանգնեցնել հնարավոր չէ, եւ սկզբունքորեն կանգ առնել չի կարելի․ քրդական հարցը կլուծվի ամեն դեպքում։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա Թուրքիայում համադաշնություն ստեղծելու միջոցով»,-նշեց Նավասարդյանը։
Նա հավելեց, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում պարզ կդառնա, թե ինչ օգուտներ կարող է քաղել Հայաստանը, ինչ նա կարող է կորցնել, եթե, ամեն դեպքում, Թուրքիայի տարածքում քրդական պետություն ստեղծվի։
Փորձագետը կարծում է, որ այդ հարցի շուրջ դիվանագիտական ուղղությամբ հայկական կողմը լուրջ աշխատանքներ պետք է տանի։




























