Դեկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ եւ քննարկել Հայաստան – ԵՄ հարաբերություններն ու դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նախարարները նշել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ  մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ապահովելու համար համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:

Մշակութային համագործակցության շուրջ քննարկումների ենթատեքստում Բելգիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Պողոսյան ընտանիքի կողմից Բրյուսելում «Վիլլա Ամպեն» մշակութային կենտրոնի հիմնադրումը` որպես կարեւոր ներդրում Բելգիայի մշակութային կյանքում:  

Նախարար Վանակերը ներկայացրել է Բելգիայում տեղի ունեցող գործընթացները` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ջանքերը:  

Իր բելգիացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հնգակողմ հայտարարության մասին:

Նախարարները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Ավարտելով այցելությունը Բրյուսել Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվել է Մոսկվա, ուր տեղի են ունենալու ՀԱՊԿ եւ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդների նիստերը: