Իրանի ձյուդոյի հավաքականի նախկին մարզիկ Վահիդ Սարլաքը ապաստան է խնդրել Գերմանիայից, հայտարարելով, որ չի ցանկանում վերադառնալ Թեհրան, հաղորդում է իրանական MEHR գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, Սարլաքը այս տարվա մարտին գերմանական թիմերից մեկում մասնակցել է մարզումների` հետագա համագործակցության նպատակով: Նա հայտարարել է, որ մտադիր է միջազգային մրցաշարերում ներկայացնել Գերմանիայի ձյուդոյի հավաքականը:

Իր որոշումը մարզիկը հիմնավորել է ֆինանսական դժվարություններով: Նրա կարծիքով, Իրանի ձյուդոյի ֆեդերացիան իրեն բավարար ուշադրության չի արժանացնում: «Զգալով, որ ես պետք չեմ ֆեդերացիային, ես որոշեցի իմ ապագան կառուցել Իրանի սահմաններից դուրս: Ես հոգնել եմ ֆեդերացիայի ոչ ռացիոնալ քաղաքականությունից եւ մտադիր չեմ վերադառնալ Իրան: Ես արդեն դիմել եմ ապաստան խնդրելու համար եւ այսուհետեւ կաշխատեմ Գերմանիայի ազգային հավաքականի համար»,- ասել է իրանցի մարզիկը:

Նշենք, որ ավելի վաղ Իրանի ձյուդոյի հավաքականի եւս մեկ մարզիկ` Էհսան Ռաջաբին ապաստան էր խնդրել ԱՄՆ-ից: Նա այսուհետեւ հանդես է գալու ԱՄՆ-ի հավաքականում: