Իսրայելական ավիացիան դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հրթիռակոծել է Գազայի հատվածի հարավային տարածքները` ի պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից արձակված կրակի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին:

Օդային հարվածների նշանակետերը եղել են զենքի արհեստանոցները եւ մաքսանենգ թունելը, որն անցնում է Եգիպտոսի սահմանի տակով:

«Արձանագրվել են ուղիղ նշանակետին հարվածներ»,- ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության  հաղորդագրության մեջ:

Ըստ իսրայելական կողմի, վերջին 2 օրերին Պաղեստինի կողմից 3 ռեակտիվ հրթիռ է ընկել Իսրայելի հարավում, որն էլ պատասխան գնդակոծության պատճառ է դարձել:

Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից ի վեր, Գազայի հատվածից 200 հրթիռ է արձակվել: Իսրայելի իշխանությունները նման միջադեպերի պատասխանատվությունը դնում են Գազայի հատվածում իշխող իսլամիստական «Համաս» շարժման վրա, անկախ նրանից, թե ովքեր են եղել կոնկրետ կատարողները: