Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից: Այդ մասին այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, որը Երեւան է ժամանել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնել են, որ նախագահ Սարգսյանը հանդիպման գոհունակությամբ ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է:

Երկրի ղեկավարը կարեւորել է անվտանգության մարմինների համագործակցությունն ու կանոնավոր շփումները եւ նշել, որ դրանք նպաստում են առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համահունչ միջոցառումների մշակմանը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի կայունացնող դերը մեր տարածաշրջանում: