Լարիսա Հովսեփյանի հարկի տակ ապրող 18 որդեգիր երեխաներից 7-ը` Լինդան, Սերոբը, Աշոտը, Արամը, Արան, Արմենը, Գուրգենը մարզվում են Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այսօր ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Խուգեյանի խմբում փոքրիկ հանդիսություն է կազմակերպվել, որի ընթացքում երեխաներին ողջունել, մարզական հաջողություններ է մաղթել եւ մարզահագուստներ նվիրել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
«Երեխաների համար անակնկալ էր գրող-հրապարակախոս, ՀՀ սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանի հեռախոսային ուղերձը, ով իր եւ հեռավոր նավարկություն կատարող «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից նույնպես ողջունել է «ապագա չեմպիոններին», մաղթեց մարզական հաջողություններ ու եւս մեկ անգամ հաստատեց «Արմենիայի» անձնակազմի` Հովսեփյանների ընտանիքի արջեւ ստանձնած մարզական շեֆությունը»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ որդեգիր երեխաները մարզադպրոց են հաճախում նավապետ Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Պատանի մարզիկներն, իրենց հերթին, խոստացել են լավ մարզվել եւ բարձր պահել Հովսեփյանների ընտանիքի ու Հայաստանի պատիվը:




























