Հայ ազգային կոնգրեսն ուշադիր հետեւելու է WikiLeaks-ի արտահոսքներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեուն Զուրաբյանը՝ հավելելով, որ սկանդալային կայքի կողմից հետագայում այլ ուշագրավ բացահայտումներ են լինելու:

«Հայաստանի մասին տեղեկություններն իրականում բացված չեն: Ես կարծում եմ` մեզ սպասում են լուրջ անակնկալներ: Ամեն դեպքում, մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, ոչ չարախնդանք, ոչ էլ փորձենք շահարկել, բայց կուտակել ինֆորմացիան, եւ երբ դրա կարիքը լինի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- նշեց ՀԱԿ համակարգողը: Ինչ վերաբերում է Իրանին Հայաստանի կողմից զենք վաճառելուն, Զուրաբյանն ասաց, թե արտահոսքներից պարզ չէ` ինչ է իրականում կատարվում, միայն պարզ է, թե ինչ բացատրություն են տվել Հայաստանի իշխանությունները եւ ինչ է զեկուցվել Վաշինգտոն: Նա նաեւ հավելեց, որ ՀԱԿ ներկայացուցիչների եւ  արտասահմանյան դիվանագետների ու դեսպանների հետ հանդիպումների ժամանակ հաճախ զուշացվել է իրենց, որ խոսակցությունը կարող է ձայնագրվել (ինչպես դա անելու սովորություն ունեն ՀՀ իշխանությունները): Զուրաբյանն էլ ի պատասխան ասել է, որ իրենք որեւէ խնդիր չունեն եւ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ արվող հայտարարությունները նույնն են եւ չեն տարբերվում ՀԱԿ-ի հրապարակային հայտարարություններից:    

Նշենք, որ WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ դիվանագետների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն ընդունել են 2003 թվականին Հայաստանից Իրան զենք փոխադրելու  փաստը: