ԱՄՆ-ն հպարտանում է իր արտասահմանյան երկրներում գտնվող դիվանագետների կատարած աշխատանքով։ Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին՝ պատասխանելով WikiLeaks սկանդալային կայքի վերբերյալ հարցին։

«Մենք հպարտանում ենք արտասահմանում աշխատող մեր դիվանագետների աշխատանքով, դեսպանների աշխատանքից սկսած մինչեւ դեսպանատների աշխատակիցների կատարածով։ Նրանք ծառայում են ԱՄՆ շահերին։ Ոմանք համարում են, որ փաստաթղթերի հրապարակումը համաշխարհային հսկայական դավադրություն է, որի կենտրոնը ԱՄՆ-ն է։ Դա պարզապես հերյուրանք է։ Մեր դիվանագետներն ամեն օր անում են այն, ինչ մենք իրենցից սպասում ենք, եւ վերջին հրապարակումները ոչինչ չեն փոխի»,- ասել է Քրոուլին։

Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ դեսպանատներում կադրային փոփոխություններ կատարելու հարկ չկա։ «Ինչպես խոստացել էինք, մենք կաշխատենք այլ կառավարությունների հետ։ Մենք կվերականգնենք վստահությունը, ինչը մեր ընկերների, դաշնակիցների եւ այլ գործընկերների հետ աշխատանքում կարեւոր է, ինչպես նաեւ համագործակցության համակարգում անբաժանելի մաս է կազմում»,- նշել է Պետքարտուղարության պաշտոնյան։

Խոսելով հրապարակված փաստաթղթերի իսկության մասին, նա ասել է, որ իրենք չեն կարող ստուգել հրապարակված յուրաքանչյուր  փաստաթղթի իսկությունը։

Լրագրողներից մեկը Քրոուլիին խնդրել է մեկնաբանել այն տեղեկությունը, ըստ որի, Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը պահանջել է  Կոլումբիայի համալսարանի ասպիրանտներին չքննարկել WikiLeaks-ի հոդվածները Facebook-ում կամ Twitter-ում։ «Նախ նշեմ, որ մենք չգիտենք, թե ով է պետքարտուղարության այդ պաշտոնական ներկայացուցիչը։ Քանի որ, մեր կարծիքով հրապարակված փաստաթղթերը դեռեւս գտնվում են գաղտնիության կնիքի ներքո, մենք մեր աշխատակիցներին հրահանգել ենք պահպանել գաղտնի փաստաթղթերը։ Սակայն մենք չենք վերահսկում ինտերնետի մասնավոր այցելությունները։ Մենք մասնավոր ցանցերը չենք վերահսկում... Մենք մարդկանց, ովքեր Պետքարտուղարության աշխատակից չեն, որեւէ հրահանգ չենք տվե։»,-ասել է Քրոուլին։