Հայաստանում մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ծրագրի հիմնական փուլի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառում։
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը կառավարության 2010 թ. կարեւորագույն ծրագրերից մեկն է, քանի որ այն հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին համակարգիչ ունենալ։ Այս մասին իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Համակարգիչները փոխարինելու են դասագրքերին եւ որակապես փոխելու են դպրոցների կրթության մեթոդաբանությունը»,-ասաց վարչապետը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ բանկերը արձագանքել են այս ծրագրին եւ կմիանան նրան։
Միջոցառման ընթացքում ստորագրվեցին մի շարք հուշագրեր՝ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մի շարք ենթածրագրերի փորձնական փուլերի իրականացման վերաբերյալ, այդ թվում՝ «Դպրոցական համակարգիչ», «Համակարգիչ ուսուցիչների համար»։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւս ներգրավվեց ծրագրում՝ համաձայնելով իր վաճառքի կետերում իրացնել ծրագրով նախատեսված համակարգիչները։
«Այս ծրագրի նպատակն է ոչ միայն համակարգիչներ վաճառել, այլ որ համակարգիչները հասանելի լինեն որոշակի ներդրված բովանդակությամբ եւ ինտերնետով, ինչը շատ կարեւոր է»,- ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը հիմնական փուլում արդեն կծածկի Հայաստանի ողջ տարածքը, իսկ ներկայումս գործող 20 վաճառակետերի թիվը կհասցվի մոտ 100-ի։
Ենգիբարյանն ասաց նաեւ, որ ծրագիրը բաց է բանկերի, մատակարարների, խանութների հետ համագործակցության համար։
Ծրագրին աջակցություն են ցուցաբերում ՀՀ Կառավարությունը եւ Համաշխարհային բանկը, որն արդեն հատկացրել է 3 մլն դոլար։ Ծրագրին աջակցություն է ցուցաբերել նաեւ ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը։

Հասանելի է
русский


























