Շաքարավազի հայաստանյան շուկայում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Ախուրյանի նորաստեղծ շաքարի գործարանը գործնականում կանգ է առել՝ պահեստներում չիրացված շաքարավազի մեծ քանակության պատճառով, իսկ մեր հարեւան երկրները զգում են շաքարավազի դեֆիցիտ։

Թեեւ 2010 թ. շաքարավազը աշխարհում զգալիորեն թանկացել է՝ համարյա կրկնակի անգամ, Հայաստանում այդ թանկացումները չեն զգում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ շաքարավազի մանրածախ գինը Հայաստանում շատ բարձր է, ինչը թույլ է տալիս սրությամբ չարձագանքել միջազգային գների թեկուզեւ կտրուկ տատանումներին։

Երեւանյան մանրածախ ցանցերում շաքարավազը վաճառվում է 330 դրամով՝ 1 կգ-ի համար, եւ այդ գինը պահպանվում է բավական երկար ժամանակ։ Սա համարժեք է մոտավորապես 1 տոննա/916 դոլար գնին։

Վերջին տվյալներով՝ պատրաստի շաքարավազի տոննան Լոնդոնի ապրանքային բորսայում արժեցել է 740 դոլար, իսկ շաքարավազի հումքը Նյու Յորքում վաճառվել է 650 դոլարով։ Սա նշանակում է, որ գործարանները այդ հումքը վերամշակելուց հետո շաքարավազը պետք է վաճառեն առնվազն 800 դոլար/տոննա գնով։

Նշենք, որ երաշտի պատճառով լրջորեն տուժել են ե՜ւ Ռուսաստանի, ե՜ւ Ուկրաինայի շաքարի արտադրությունները։ Ռուսաստանում, օրինակ, շաքարի արտադրության ծավալները կրճատվել են 1,3 մլն տոննայով։ Իսկ Ուկրաինայում շաքարի դեֆիցիտ կգոյանա մոտ 500 հազ. տոննայի չափով։

Հաշվի առնելով, որ շաքարի հումք արտահանող խոշորագույն երկրներից՝ Բրազիլիայից եւ Հնդկաստանից լավ լուրեր չեն ստացվում, կարելի է ենթադրել, որ շաքարավազի գների էական անկում Ամանորից հետո էլ տեղի չի ունենա։