Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները, Թուրքիային չվիրավորելու համար որոշել է օգտագործել հարմար պահը եւ այցելել հՀայաստան։ NEWS.am-ին այսպիսի կարծիք է հայտնել փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը։
Մանուկյանն ասել է, «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի երեւանյան այցի հետ կապված մեծ սպասելիքներ կան։ Նա Հայաստան է ժամանում առաջին անգամ, սակայն հաշվի առնելով երկու երկրների քաղաքական բարեդրացիական հարաբերությունները, այս այցը կարելի է համարել ուշացած»։ Նրա խոսքերով, Ասադի այցը կնպաստի Երեւանի եւ Դամասկոսի հարաբերությունների զարգացմանը։ Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հիմնական խնդիրը երկու երկրների բնականոն տնտեսական հարաբերությունների բացակայությունն է։ Իր տեսակետից, նախագահ Բաշար Ասադի պաշտոնական այցը ուղղված է տնտեսական հարաբերությունների բարելավմանը։ Այսօրվա դրությամբ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը մեկ միլիոն դոլար։ Մանուկյանն ասում է, որ երկու կողմերի հարաբերությունների խնդիրներից է Հայաստանում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության հարցը։ 2002թ-ից Հայաստանում Սիրիայի ներկայացուցիչը չի հանդիսանում որպես արտակարգ լիազոր դեսպան, ինչը, ըստ Մանուկյանի, ճիշտ չէ։ Նա ասում է. «Ես չեմ կարծում, որ Դամասկոսի այս որոշումը ճիշտ է, քանի որ այդ հանգամանքը ավելի կվատացնի երկու երկրների միջեւ առանց այն էլ սառը հարաբերությունները»։
Նա նաեւ նշել է, որ 2002թ-ին Սիրիայի նախագահի ընտրվելու հետ մեկ տեղ այդ երկրի իշխանությունների վերաբերմունքը Հայոց Եղեռնի վերաբերյալ դարձել է անտարբեր ու սառը, ինչը, ըստ Մանուկյանի, զարմանալի է, որովհետեւ Սիրիան այն երկիրն է, որը 1915թ հայերի կոտորածից հետո փախստականների մեծ հոսք է ընդունել։ Սա այն երկիրն է, որտեղ կառուցվել է թուրքի յաթաղանից ընկած մեկուկես միլիոն հայերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը։ Սիրիան խոշոր հայկական համայնք ունի։
Փորձագետի կարծիքով հայ-սիրիական հարաբերությունների սառեցումն ու Հայոց Եղեռնի վերաբերյալ Դամասկոսի դիրքորոշման փոփոխության պատճառը կարելի է կապել թուրք-սիրիական հարաբերությունների զարգացման հետ։ «Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ Սիրիայի արտգործնախարարը ասել է, որ Սիրիան շատ ուրախ է տեսնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը։ Եվ շատ հարմար հնարավորություն է ընձեռվել Սիրիայի նախագահին՝ այցելելով Հայաստան՝ չնեղացնել Թուրքիային», նշում է Մանուկյանը։
«Սիրիան փորձում է ակտիվացնել իր արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ դրանով իսկ ձերբազատվել ԱՄՆ-ի հանդեպ կախվածությունից» պնդում է փորձագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրավերով հուլիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր տիկնոջ Ասմա Ալ-Ասադի հետ։ Այցի շրջանակներում Սիրիայի նախագահը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի հետ։
Հունիսի 18 -ին երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա բիզնես-համաժողով։ Նույն օրը Բաշար Ալ-Ասադի պաշտոնական այցը Երեւան կավարտվի։



























