Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել:

Գուլուզադեն նաեւ նշել է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Ադրբեջան՝ ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման նախապատրաստման փուլերից էր: «Մեդվեդեւն աշխատում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ հետ»,- ասել է Գուլուզադեն եւ հավելել. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, այն, անշուշտ, քննարկվելու է ԱՊՀ տարածքում այլ սառեցված հակամարտությունների հետ մի համատեքստում, եւ իմ մոտ տպավորություն է, որ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը եկել են ընդհանուր հայտարարի: Կարծում եմ՝ Օբամա-Մեդվեդեւ հանդիպման ըթնացքում կարող է հավանության արժանանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի տարբերակ, որը նման կլինի 1999թ. Քի-Վեսթյան առաջարկներին: Թեեւ կարող են լինել այլ տարբերակներ»: