Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի ԱԳ նախարար Յան Չիեչիի հրավերով, պաշտոնական այցով մեկնում է Պեկին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Նալբանդյանի հանդիպումները Չինաստանի ժողովրդական հանրապետության պետական եւ կուսակցական բարձրաստիճան ղեկավարների հետ։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում, հարցազրույցներ կտա չինական «Սինհուա» գործակալությանը եւ CCTV պետական կենտրոնական հեռուստաընկերությանը։

Չինաստան այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կայցելի նաեւ Շանհայ, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները քաղաքային իշխանությունների եւ «Շանհայ էքսպո- 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարության հետ։ Վերջինիս հետ կքննարկի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցերը։

Նախարար Նալբանդյանը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 14-ին։