WikiLeaks-ի հրապարակման համաձայն, 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ Թուրքիան պատրաստ էր ՆԱՏՕ-ի կարգավիճակի տակ զորքեր մտցնել Վրաստանի տարածք, եթե Ռուսաստանը ներխուժեր Աջարիա:

«Зеркало» թերթի թղթակիցն Անկարայում փորձել է պարզել, թե ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում եղած իրականությանը: Թուրքիայի պաշտոնական աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել: Սակայն դիվանագիտական շրջանակների եւ ԱԳՆ-ի աղբյուրները հայտնել են, որ այդ օրերին պաշտոնական Անկարան ակտիվ կոնսուլտացիաներ է ունեցել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ: Վաշինգտոնի հետ քննարկվել է Թուրքիայի ռազմա-քաղաքական եւ տնտեսական անվտանգության ապահովման պատրվակով Վրաստանի տարածք ՆԱՏՕ-ի դրոշով թուրք-ամերիկյան զորքեր մտցնելու տարբերակը: Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը ռազմական գործողությունների հետեւանքով դրվել էր կասկածի տակ: Այնպես որ ֆորմալ պատրվակ կարելի էր գտնել: Վաշինգտոնում պատրաստ են եղել զորքերի մուտքին եւ Թբիլիսին անհամբեր սպասում էր ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելուն:

Սակայն Թուրքիան իր էներգակիրների պահանջարկի մեծ մասը փակում է Ռուսաստանի առաքումների հաշվին եւ Մոսկվա - Անկարա ուղղակի դիմակայությունը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Բացի այդ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում կսրեր Թուրքիայի հարաբերությունները որոշ մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Իրանի հետ, ինչը նույնպես Անկարայի համար անընդունելի է, քանի որ երկիրը փորձում է մուսուլմանական աշխարհի առաջատարի դեր ստանձնել: Այդ պատճառով պաշտոնական Անկարան Վաշինգտոնից բացի ակտիվ բանակցում էր նաեւ Մոսկվայի հետ: Թուրքական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի հետ խորհրդակցությունների արդյունքում Մոսկվան պարտավորվել է չներխուժել Թբիլիսի եւ չտապալել Սահակաշվիլիին: Մոսկվան պարտավորվել է նաեւ չխափանել խողովակաշարերի աշխատանքը: Միեւնույն ժամանակ Անկարան, օգտագործելով առիթը, արագացրել է Մոսկվայի հետ էներգետիկ նախագծերի` Հարավային հոսքի եւ Թուրքիայում ընդունելի գնով ատոմակայանների շինարարության իրագործումը: Անկարան իր հերթին պարտավորվել է, կիրառելով Բոսֆոր եւ Դարդանելներ նեղուցների օգտագործման իրավունքը, հնարավորինս հետաձգել ամերիկյան մարտանավերի մուտքը Սեւ ծով:

Անկարան նաեւ պարտավորվել է չմասնակցել հակառուսական քարոզչության: Մինչեւ այսօր Անկարան ոչ մի կերպ չի արձագանքում Հարավային Կովկասի իրավիճակն ապակայունացնող ռուսական գործողություններին: Պաշտոնական Անկարան հրապարակավ չարձագանքեց Գյումրիում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին համաձայնագրին, որով ստանձնում է Հայաստանի անվտանգության ապահովումը, ինչը սպառնալիք է Ադրբեջանի համար:

Թուրքական աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կողմերից մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում չի նախատեսում ռազմական օգնություն, հետեւաբար այդ համաձայնագիրը չի կարող լինել պատասխան ռուս-հայկական համաձայնագրին: Միեւնույն ժամանակ, Անկարան բոլոր մակարդակներում Մոսկվայից փորձում է երաշխիքներ ստանալ, որ ռուսական զորքերը Հայաստանում չեն օգտագործվի Ադրբեջանի դեմ: