Մոսկվայի Սպարտակի ֆանատները Ժիլինայի հետ արտագնա խաղում անկարգություններով մի քանի անգամ ստիպել են մրցավար Քեւին Բլումին ընդհատել հանդիպումը: Արդեն 2-րդ րոպեին մոսկվացիները սկսել են հրթիռներ պայթեցնել: Մի քանի մարդ մտել է խաղադաշտ: Նրանց հեռացնելուց հետո հանդիպումը վերսկսվել է: Սակայն արդեն 4-րդ րոպեին մրցավարը թիմերին դուրս է բերել խաղադաշտից: Մարտին Շտրանցլը դիմել է ֆանատներին` խնդրելով դադարեցնել անկարգությունները: Մոտ տասը րոպե անց թիմերը վերադարձել են հանդերձարանից: Սակայն դա նույնպես արդյունք չի տվել: Մեկնարկից միայն 26 րոպե անց հանդիպումը վերսկսվել է: Ընդմիջումից հետո եւս տրիբունաներում անկարգություններ են եղել, մի քանի մարդ դարձյալ փորձել է խաղադաշտ մտնել: Այդուամենայնիվ հանդիպումը կայացել է: Սպարտակը հաղթել է 2:1 հաշվով: