Թբիլիսիի Մետրոմշենի թաղամասի թիվ 103 դպրոցի հայկական հատվածն այս տարի առաջին դասարանցի 10 աշակերտ  ունի, ավելի շատ հայ աշակերտ ունի նույն դպրոցի  վրացական սեկտորը՝ 13 աշակերտ, հաղորդում է Aliq.ge-ն։

Դպրոցի  փոխտնօրեն, հայկական բաժնի վարիչ Հասմիկ Պապիկյանը բացատրություն չի գտնում՝ ինչու են ծնողները նախապատվությունը տվել վրացական կրթությանը, ասում է՝ իրենց դպրոցում վրացերենի ու բոլոր առարկաների ուսուցման մակարդակը չի զիջում վրացականից: Դպրոցը ոսկե մեդալակիրներ  է ունեցել,  շրջանավարտները հաջողությամբ ընդունվում և սովորում են մայրաքաղաքի բուհերում:

«Այս տարի էլ մենք ծնողների հետ մեծ աշխատանք ենք տարել, սա հայախոս թաղամաս է, փորձել ենք հորդորել, որ երեխաներին հայկական սեկտոր ուղարկեն, բայց միշտ վերջին խոսքը եղել է ծնողինը»,-ասում  է Հասմիկ Պապիկյանը:

Թիվ 103 դպրոցը վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել այս տարվա հունվարին: Դպրոցի հայկական մասն այս պահին 105 աշակերտ ունի:  Այս տարի  չունի 4-րդ և 6-րդ դասարաններ, դպրոցի հայկական մասի համար  չի հնչի նաև վերջին զանգը.  դպրոցական տարին մեկնարկեց առանց 12-րդ դասարանցիների: