ՆԱՏՕ-ն չի զբաղվում Կովկասի խնդիրներով եւ այդ մասին բազմիցս է հայտարարել:  Այսպիսի հայտարարություն արեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդունված բանաձեւին: «Մեղք են էդ տղերքը, նրանք ասում են, որ իրենք չեն զբաղվում Կովկասի խնդիրներով»,-նկատեց քաղաքագետը: Նա մասնավորապես առանձնացրեց բանաձեւի այն ձեւակերպումը, թե ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը եւ տարածքային ամբողջականությանը: «Այս կետը վերաբերում է Վրաստանին, դա մեզ հետ ոչ մի կապ չունի»,-նկատեց քաղաքագետը:

Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանը խիստ անուշադիր է եղել եւ թեեւ նախագիծը դեռ մեկ տարի առաջ էր նախապատրաստվում, ոչ ոք չի կարդացել այն եւ չի զգուշացրել ՆԱՏՕ-ին՝ տարանջատում մտցնել Հայաստանի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի վերաբերյալ իր հայտարարություններում: Գրիգորյանը անդրադարձավ նաեւ առկա այն դժգոհությանը, թե նշված բանաձեւում հիշատակված չէ ինքնորոշման իրավունքի մասին: «Դա էլ անգրագիտության մակարդակ է եւ զարմանալի է, որ թե իշխանության, թե ընդդիմության դաշտից լսվում են նման հայտարարություններ: Ուզում եմ հիշեցնել, որ հենց ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի ֆունկցիան է պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը: Դա չի հակասում ՀՀ շահերին: Բայց երբ տարածքային ամբողջականությունը կապվում է այն կոնֆլիկտների հետ, որոնք ՆԱՏՕ-ի մանդատի մեջ չեն գտնվում, այստեղ է, որ մենք պետք է ըմբոստանանք»,-հայտարարեց փորձագետը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը խաղաղ է տրամադրված այս նյուանսները չիմացող՝ Հայաստանի պետական մարմինների նկատմամբ եւ պատրաստ է աջակցել նրանց: