Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը, ով աշխատանքային եռօրյա այցով գտնվում է Դանիայում, հայտարարել է, որ 2014 թվականին ԵՄ մուտք գործելու համար Թուրքիան կարող է կատարել բոլոր անհրաժեշտ պահանջները, գրում է թուրքական Today’s Zaman-ը։

Նա ընդգծել է, որ միացման գործընթացն ավելի կարեւոր է, քան արդյունքը, եւ որ Թուրքիան համբերատարություն է ցուցաբերելու ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:

Պետնախարարը նշել է, որ թուրքական կառավարությունը վերջերս քրդական խնդրի ժողովրդավարական լուծմանն ուղղված նախաձեռնություններ է իրականացրել։ Նա ավելացրել է, որ կառավարությունը նախաձեռնություն  է սկսել նաեւ գնչուների խնդիրների լուծման ուղղությամբ, դա այն դեպքում, երբ եվրոպական մի շարք երկրներ տեղահանում են նրանց։ «Թուրք քաղաքացիներն արժանի են կյանքի բոլոր ոլորտների լավագույն չափորոշիչների, եւ ԵՄ գործընթացը ծառայում է այդ նպատակին»,- նշել է Բաղըշը: