Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը չէր սպասում, որ իր գերատեսչության ղեկավար Գեւորգ Դանիելյանին կազատեն պաշտոնից:
Նա այսօր լրագրողների պատմել է, թե ինչպես է իմացել այդ նորությունը: «Երեկ երեկոյան ես նախարարին զեկուցելու բան ունեի։ Նա ասաց՝ ինձ մի զեկուցիր, ես այլեւս նախարար չեմ։ Ես հանկարծակիի եկա, շոկի մեջ էի»,– ասաց Մալխասյանը:
Ինչ վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի հետ կապված միջադեպին, Մալխասյանի խոսքով, ինքը տեղյակ է միայն նկատողության փաստի մասին: «ԴԱՀԿ ղեկավարին նշանակում եւ աշխատանքից ազատում է միայն հանրապետության նախագահը, իսկ թե ինչ որոշում կկկայացվի, չեմ կարող ասել»,- նշել է նա:
Նշենք, որ մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականի մասին: Ի դեպ, վերջին հրամանը, որ իր հեռացումից առաջ ստորագրել էր արդարադատության նախարարը, ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանին արված նկատողությունն է:
Այսօր կառավարության նիստի սկզբում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Գեւորգ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար: Վարչապետն ասել է, որ կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս էթիկայի նորմերի պահպանմանը, սակայն արդարադատության նախարարը չի պահպանել դրանք:
Խոսքն այն մասին է, որ ԴԱՀԿԾ ղեկավարը այդ նորմերի լուրջ խախտում էր թույլ տվել: Նախարարին հանձնարարվել էր պատժել Միհրան Պողոսյանին, սակայն այդ հանձնարարությունը չէր կատարվել:



























