Արբանյակային լուսանկարները հաստատում են Հին Ջուղայի հայկական գերեզմանատան լիակատար կործանումը, գրում է Asbarez-ը: Դրանք հրապարակել է Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ընկերությունը (AAAS):
«Հինգ տարի առաջ ավելի քան 100 համազգեստավոր ադրբեջանցիների նկարել են, թե ինչպես են ոչնչացնում 9-րդ դարում հիմնադրված միջնադարյան գերեզմանատան գերեզմանաքարերը: Զինվորները կոտրել են հայկական հուշարձանները մուրճերի միջոցով, իսկ առավել խոշոր հուշարձանների հեռացման համար օգտագործել են վերաբարձ կռունկ, քարերն էլ նետել են Արաքս գետը:
Ընդհանուր առմամբ գետնի երեսից ջնջվել է մոտ 3 հազար խաչքար, որոնք մտնում էին UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկի մեջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացման մասին զեկույցը «ակնհայտ սուտ» է անվանել եւ առ այսօր շարունակում է հերքել այդ փաստը:
Ջուղայի վիրտուալ թանգարանի հիմնադիր Սիմոն Մաղաքյանը քննադատել է UNESCO-ին փաստի վերաբերյալ ամոթալի լռություն պահպանելու համար»,- գրում է Asbarez-ը:





























