Դեռեւս հայտնի չէ, թե ով է մասնակցելու «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, ում դուստրը՝ Էմմին նույնպես, ըստ լուրերի, պետք է մասնակցի «Եվրատեսիլ-2011»-ին:
«Դեռ մեզ ոչ մի բան չի ասվել, ես ինչպե՞ս կարող եմ նման հայտարարություններ անել»,-արձագանքեց Նադեժդա Սարգսյանը: Նա կարծում է, որ Էմմին արժանի թեկնածու է նման հեղինակավոր մրցույթի մասնակցելու համար: «Ես, որպես մայր եւ որպես պրոֆեսիոնալ, միշտ էլ կարծել եմ, որ նա արժանի է մասնակցելու եւ պատվով կարող է ներկայացնել Հայաստանը: Նա վաղուց էր արժանի մասնակցելու: Բայց թե նրան կընտրեն, թե՝ ոչ, մրցույթ է լինելու, թե ինչ է լինելու, ես տեղյակ չեմ եւ իրավասու էլ չեմ որեւէ բան ասելու: Այս հարցին պատասխանելու իրավասությունը Հանրային հեռուստատեսությանն է»,-ասաց նա:
Հարցին, թե, արդյոք, Էմմին նախապատրաստվո՞ւմ է մրցույթին եւ ի՞նչ երգով, Նադեժդա Սարգսյանը բացասական պատասխան տվեց: «Էմմին ԱՄՆ-ից վերադարձել է շատ մեծ ծրագրով. հունվարի 30-31-ին Օպերայի մեծ դահլիճում տեղի կունենա համերգ: Այսօր մենք խելագարված վիճակում ենք, եւ դեռ չենք էլ մտածում «Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքների մասին: Մենք այսօր աշխատում ենք նրա մենահամերգի ուղղությամբ, որին ներկա են լինելու ԱՄՆ-ից երաժիշտներ: Այսօր մեր ուղղվածությունը դեպի այդ համերգն է: Իսկ եթե այսպիսի մրցույթ հայտարարվի, ապա բոլոր լուրջ մարդիկ կնախապատրաստվեն, բայց մենք դեռ տեղեկություն չունենք, լուրջ եմ ասում»:
Նշենք, որ առաջիկայում ասուլիսով հանդես է գալու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ հայտարարելու է երգի հեղինակավոր մրցույթի մասնակցի անունն ու երգի մրցույթ է հայտարարելու:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, որ նորամուծություն է մտցվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին ընտրելու հարցում: Ըստ այդմ՝ մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: 2011 թվականից սկսած հայ հանդիսատեսը կընտրի ոչ թե կատարողին, այլ երգը, որով նա կմասնակցի երգի մրցույթին:





























