Վերջին երեք տարիներին կոռուպցիան մեծ թափ է հավաքել ողջ աշխարհում. այսպես  է կարծում  աշխարհի 86 երկրների ավելի քան 91 հազար մարդ: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի  համաշխարհային օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տվյալներ ներկայացրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Հարցվածների ավելի քան 60 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան ավելի ու ավելի մեծ չափեր է ընդունում: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի բնակիչները կոռուպցիայի մեջ մեղադրում են նախեւառաջ իրենց երկրների քաղաքական կուսակցություններին, ինչը չի կարելի ասել ԱՊՀ երկրների մասին:

Կուսակցություններին հաջորդում են խորհրդարանը, դատական համակարգն ու ոստիկանությունը:  Բացի այդ, աշխարհի շատ երկրների բնակիչների 50 տոկոսը  համարում է, որ իրենց երկրների իշխանություններն արժանի պայքար չեն իրականացնում կոռուպցիայի դեմ: Այս տխուր փաստերի  մեջ կա միայն մեկ լուսավոր կետ. դա այն է, որ հարցվածների 70 տոկոսն՝ իհարկե մեծամասամբ եվրոպացիներ եւ ամերիկացիներ, պատրաստակամություն են հայտնել ինչ-որ կերպ ներգրավվել կոռուպցիային դեմ պայքարում»,- նշեց Հոկտանյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն իր հերթին ավելացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացնել համակարգային տարբերակով՝ կանխարգելում, բացահայտում եւ պայքար: «Պայքարի արդյունավետությանը կարող են նպաստել մի շարք հանգամանքներ, ինչպես օրինակ բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը, դատական համակարգի անկախությունը եւ ազատ խոսքի առկայությունը»,-համոզմունք հայտնեց Այվազյանը:

Ամփոփելով՝ նա ներկայացրեց նաեւ հարեւան Վրաստանին եւ Ադրբեջանին վերաբերող մի քանի ցուցանիշներ: Ըստ այդ ցուցանների՝ վրացիների 78 տոկոսը կարծում է, որ այդ երկրում վերջին երեք տարիներին կոռուպցիան զգալի չափերով նվազել է: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Հայաստանի համեմատությամբ, այնտեղ կոռուպցիան՝ իր բոլոր դրսեւորումներով, ավելի վատթար վիճակում է: Եթե Հայաստանում կաշառք տալիս է 43 տոկոսը, ապա Ադրբեջանում այդ թիվը 48 տոկոս է»: