Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը չի հայտարարել, որ բանակցային գործընթացից հետ է կանչում իր ներկայացուցիչներին եւ ակտիվ ռազմական գործողություններ սկսում, ապա դա նշանակում է, որ բանակցային գործընթացը փակուղի չի մտել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Wikileaks-ի այն հրապարակումը, համաձայն որի Ֆրանսիան հայտարարել է, որ «ղարաբաղյան կարգավորման բանակցությունները փակուղի են մտել, եւ ֆրանսիացիները չեն կարողանում ճնշում գործադրել հայերի վրա»։

«Բանակցային գործընթացի կողմերի համար այնքան կարեւոր չէ խաղը, որքան բանակցությունների արդյունքները։ Մինսկի խմբի համանախագահները կոչված են իրավիճակից ելքեր առաջարկելու, այլ ոչ՝ ճնշում գործադրելու համար»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ֆրանսիական կողմի այն հայտարարությանը, թե բանակցությունները փակուղի են մտել, Մարկարովի խոսքով, դրա մասին հայտարարել է ֆրանսիացի մի բարձրաստիճան պաշտոնյա, բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբում այդ երկրի համանախագահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Wikileaks-ի կողմից հրապարակված մի փաստաթղթի հիման վրա Ֆրանսիան կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղի են մտել։

Փաստաթղթում ներկայացվում է Ֆրանսիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ռոլան Գալարագի անձնական զրույցը ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Երշբոուի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիական տարածաշրջանի օգնական Սպենսեր Բոյերի հետ։