NEWS.am-ի խմբագրություն էր զանգահարել Գեմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ հերքել այսօրվա մամուլում տպագրված այն լուրը, ըստ որի դեսպանը «հայկական դեսպանատան շենքից երկու գորգ է «դուրս գրել» եւ ուղարկել Հայաստան՝ իր հարազատներին»:
«Չգիտեմ, այդ լուրին լուրջ վերաբերվեմ, հումորով վերաբերվեմ….Մեկ-մեկ անհեթեթությանը պատասխան տալը ավելի մեծ անհեթեթություն է: Դեսպանը գույք դուրս չի գրում, ցանկացած գույք դուրս է գրում հանձնաժողովը, սա հաստատված կարգ է, հետեւապես գորգ դուրս գրել դեսպանը չէր կարող սկզբունքորեն: Երկրորդ՝ դեսպանությունը գորգ դուրս չի գրել, երրորդ՝ դեսպանը դուրս գրված գորգեր չէր կարող ուղարկել, եւ չորրորդ՝ ընդհանրապես դեսպանը գորգ չի ուղարկել իր հարազատներից որեւէ մեկին»:
Դեսպանը նաեւ առաջարկեց տալ իր հարազատների բնակարանների համարները եւ ստուգայց կատարել՝ ճշտելու գորգերի հետ կապված պատմությունը: Պարոն Մարտիրոսյանն առաջարկեց նման լուրեր տպագրելուց առաջ նախ «մի քանի կանալներով» ստուգել:




























