Հուլիսի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Կոնրինտիոսը:
Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է եղել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության եւ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման եւ դրա հետ կապված՝ Փաստահավաք խմբի գործունեության հարցին: Քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների եւ խոսքի ազատության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, որի ընթացքում ներկայացվել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումն այս խնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:



























