Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել դեկտեմբերի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպությանը հակաճգնաժամային արձագանքման գործուն կանոնակարգերով ապահովելուն, հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորման եւ կիրառման կատարելագործմանը, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ վերջին գագաթաժողովին ընդունված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաեւ օգոստոսին Երեւանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Համատեղ նիստի արդյունքում ստորագրվել են 45 փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նիստի օրակարգը ներառել է ԱՊՀ գործունեությանն առնչվող 14 հարց, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության բնագավառներում փոխգործակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման, «ՄԻՐ» միջպետական հեռուստաըկներության գործունեության, ԵԱՀԿ շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության եւ մի շարք այլ հարցեր:
Նիստի արդյունքում ԱՊՀ արտգործնախարարները հավանության են արժանացրել դեկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի օրակարգը եւ քննարկմանն առաջարկվող հարցերը:





























