Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսների գործով դատական նիստում դատարանը բավարարել է հայցվոր կողմի՝ աշխատանքից ազատված դասախոսների միջնորդությունը:

«Նախօրեին տեղի ունեցած դատական նիստին դատավորը բավարարեց մեր միջնորդությունը եւ դատահաշվապահական փորձաքննություն նշանակեց. նման միջնորդությամբ հանդես եկել էինք դեռ անցած դատական նիստի ժամանակ, որպեսզի վերջապես  պարզ դառնա, թե Ֆրանսիական համալսարանը, որպես արձակուրդայիններ, աշխատանքից ազատված դասախոսներին որքան գումար չի վճարել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դասախոսների փաստաբան Անահիտ Հակոբյանը՝ անդարադառնալով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ընթացքին։

«Գործը կասեցվեց մինչեւ փորձագիտական եզրակացություն  ստանալը, քանի որ դատարանը չկարողացավ կողմնորոշվել ոչ մեր, ոչ էլ Ֆրանսիական համալսարանի կողմից ներկայացված փաստաթղթերի հարցում»,- նշեց Հակոբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ համալսարանի փաստաբանն այս դատական նիստին եւս չի ներկայացրել դատարանի կողմից պահանջված համալսարանի հրամանագիրքը։ «Դրա փոխարեն նա ներկայացրեց ինչ-որ տեղեկանք՝ դասաժամերի, դրանց ավարտի եւ արձակուրդների սկսման մասին»,- նշեց աշխատանքից ազատված դասախոսների շահերի պաշտպանը։

Ֆրանսիական համալսարանի ֆինանսավարչական տնօրեն Մեյրոյանը, ինչպես անցած անգամ, կրկին խուսափեց մեզ տրամադրել իրենց փաստաբան Հրանտ Գրիգորյանի հեռախոսահամարը՝ պատճառաբանելով, որ ինքը չունի այն։

Մի փոքր դժվար է հավատալ, որ համալսարանի այդքան պատասխանատու անձը չի տիրապետում դատական գործընթացին ոչ պակաս կարեւոր դերակատարություն ունեցող եւ իրենց շահերը ներկայացնող փաստաբանի համարը։

Նշենք, որ իրենց նախկին աշխատանքին վերականգնելու պահանջով դատարան էին դիմել Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված 29 դասախոսներից 14-ը: Նրանց աշխատանքից ազատել էին այս տարվա օգոստոսին: