Չինաստանի Նինգբո քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը 7-րդ տուրից հետո 3 այլ հավաքականների հետ հանգրվանել է 3-ից 5-րդ հորիզոնականներում:
Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում ջախջախիչ՝ 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ Վիետնամի հավաքականի նկատմամբ՝ ամրապնդելով իր դիրքերը: Մինչ 8-րդ տուրը Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, եւ 2 խաղ ավարտել պարտությամբ:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Լեհաստանի հավաքականը, 2-րդ տեղում Չինաստանի 1-ին թիմն է՝ 9 միավորով: Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականները 8-ական միավորով զբաղեցնում են 3-5-րդ տեղերը: Վրաստանի եւ Հնդկաստանի հավաքականները 7 միավորով 6-7-րդ հորիզոնականներում են, ԱՄՆ-ը եւ Չինաստանի 2-րդ թիմը՝ 8-9-րդ տեղերում՝ 6-ական միավորով: Տասնյակը եզրափակում է Վիետնամի հավաքականը՝ 1 միավորով:
Այսօր ընթանում են 8-րդ տուրի հանդիպումները. Հայաստանի հավաքականն այս պահին մրցում է Չինաստանի 2-րդ հավաքականի հետ:




























