Սպանության եւ ամուսնական դավաճանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Իրանի քաղաքացուհի Սակինե Մոհամադի Աշտիանին պատմել է ամուսնու սպանության մանրամասնությունները, ուրբաթ հայտարարել է իրանական Press TV հեռուստաալիքի կայքէջը։
Հեռուստաալիքի ներկայացուցիչները արդարադատության մարմինների հետ համաձայնության են եկել ուղեկցել Աշտիանիին մինչեւ իր տուն եւ ձայնագրել ամուսնու սպանության մանրամասնությունների մասին նրա պատմությունը։ Այսպիսով Աշտիանիի ազատ արձակման մասին լուրը չի հաստատվել։
Լուրը, որ ամուսնուն սպանած Սակինե Աշտիանին ազատ է արձակվել, հինգշաբթի տարածել էր «Ֆարս Պրես» գործակալությունը։
Ամուսնական դավաճանության եւ ամուսնուն սպանելու մեջ մեղադրվող, երկու երեխաների մայր Աշտիանին առաջին անգամ դատապարտվել է 2006 թվականին, երբ նրան մտրակի 99 հարված էին նշանակել։ 2007 թվականին նա դատապարտվել էր մահապատժի՝ քարկոծման ճանապարհով։
Սեպտեմբերի սկզբին Թեհրանը հայտնել էր մահապատժի հետաձգման եւ որոշման վերանայման որոշումը։
Աշտիանիի գործի մասին հաղորդումը իրանական Press TV-ի եթեր դուրս կգա դեկտեմբեր 10-ին, գրում է հեռուստաալիքի կայքըջը։





























