Մոսկվայի ոստիկանության տեղեկատվության եւ հասարակական կապերի վարչության ներկայացուցիչ Գենադի Բոգաեւը հերքել է Մոսկվայի հարավ-արեւելքում զանգվածային փոխհրաձգության մասին տեղեկությունը։

«Ռյազանի պողոտայում 20 հոգու մասնակցությամբ ոչ մի փոխհրաձգություն էլ չի եղել, չեն եղել նաեւ տուժողներ»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Նորությունների ռուսական ծառայությունը», որ Մոսկվայում շուրջ 40 հոգու մասնակցությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դեպքը, իբրեւ թե, տեղի էր ունեցել Ռյազանի պողոտայի եւ Զելենադոլսկի փողոցների խաչմերուկում: Կռվին մասնակցել են  դեռահասների երկու խմբեր: Միաժամանակ, argumenti.ru-ն՝ հղում անելով ականատեսներին, գրում է, որ կոնֆլիկտին մասնակցել են նաեւ կովկասցիներ:

Ըստ լուրերի՝ կովկասցիները ծեծել են ինչ-որ մեկին եւ կրակել նրա վրա: Դրանից հետո նրանք կրակ են բացել երիտասարդների խմբի ուղղությամբ, որոնք կանգնած են եղել ոչ հեռու: Սրան հետեւել է պատասխան կրակահերթ, որից հետո երկու կողմերն էլ դեպքի վայրից նստել են մեքենաներն ու հեռացել: