«Առավոտը» այս տարվա հոկտեմբերի 8-ին «Կլասիկ խարդախություն» հրապարակմամբ տեղեկացրել է, որ մի կին տարբեր մարզերի եւ համայնքների տարբեր գերատեսչություններ է մտնում եւ ներկայանալով որպես Հ1-ի «բարեգործական բաժնի աշխատակից», փորձում Է ինչ-որ «բարի նպատակների համար» գումարներ շորթել, ասելով, որ դրանցից բաժին է հասնելու նաեւ հայաստանյան ամենաընթերցվող թերթերին, որոնք պարտավորվել են լուսաբանել Հ1-ի «բարեգործությունը»:
Ահազանգերից մեկի հետքերով գնալով՝ «Առավոտ»-ին հաջողվել էր Կոտաքի մարզպետարան մտնել եւ դուրս գալուց լուսանկարել անհայտ «բարեգործին» եւ նրան տեղափոխող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Մեր տեղեկություններով՝ հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, եւ արդեն նոյեմբերի 4-ին հարուցվել Է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի (խարդախություն, որը կատարվել է կրկին անգամ) հատկանիշներով, ու նույն օրը քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի քննչական բաժին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ կինը, (նրա լուսանկարը տպագրել է թերթը), Երեւանի բնակչուհի Գայանե Ղազարյանն Է։
Վերջինս դիմել Է Երեւանում գտնվող «Տնակ» աշխատանքի տեղավորման գործակալություն, որտեղ ծանոթացել է ոմն Կարենի հետ, իսկ Կարենը նրան խոստացել է, որ կտեղավորի աշխատանքի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ցրիչ։ Ըստ Գայանեի, Կարենը որպես փորձաշրջան նրան առաջարկել է, որպեսզի ինչ-որ անձանցից վերցնի Մհեր Մկրտչյանի ֆիլմերի խտասկավառակները եւ դրանք վաճառի պետական հաստատություններին, անհատ ձեռներեցներին՝ հատը 3000-3500 դրամով։ Իսկ եթե գնորդները կհարցնեն, թե ինչի համար են վաճառվում ֆիլմերը, Գայանեն պետք է ասի, որ վաճառքից ստացած գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով, այն է՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում կանգնեցվելու է Մհեր Մկրտչյանի կիսանդրին:
Թերթին հայտնի է դարձել, որ «բարեգործ»–խարդախին զոհ են դարձել Ալավերդիի հարկային ծառայության եւ էլցանցի պետերը, հիվանդանոցը, Իջեւանի հիվանդանոցը, էլցանցը, կադաստրի Իջեւանի մասնաճյուղը, «ՀայՌուսգազարդի» Իջեւանի մասնաճյուղը, Բերդի քաղաքապետարանը, զինկոմիսարիատը, կադաստրը, Նոյեմբերյանի հարկային ծառայության, կադաստրի եւ էլցանցի պետերը, Կապանի հարկայինի, էլցանցի պետերն ու զինկոմիսարիատը, Գյումրու քաղաքապետը: Այսքանից հետո խարդախ–«բարեգործները» այնքան են ոգեւորվել եւ վստահ են եղել, որ անթերի են գործում, որ անգամ կարողացել են իրենց թակարդը գցել ՀՀ ոստիկանության Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի, Նոր Նորքի, Էրեբունու, Ավանի, Մաշտոցի, ինչպես նաեւ Բերդի, Գյումրիի, Կապանի անձնագրային բաժինների պետերին։ Այս ամենի արդյունքում խարդախները վաճառել են ավելի քան հազար խտասկավառակ եւ ստացել 1,225 հազար դրամ գումար:
Այս պահին «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ, որ հայտնաբերի հիմնական կասկածյալ Կարենին։ Իսկ գործը գտնվում է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հսկողության տակ:




























