Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի հետ կապված զանգվածային որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վերաբերյալ նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել հերքմամբ, որում մասնավորապես ասված է.

«Իմ հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին: Այդ անձանց ցանկանում եմ ընդամենն ասել` շատ մի տխրեք, երբ հասկանաք, թե որքան անիմաստ ժամանակ ու եռանդ եք վատնել, որը կարող էիք ավելի կառուցողական, մեր պետությանն ու ժողովրդին օգտակար գործերի վրա ծախսել: Իմ հարաբերությունները Հանրապետության ղեկավարի հետ գտնվում են բնականոն, աշխատանքային հարաբերությունների հարթության վրա, այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ՀՀ նախագահի եւ նրա աշխատակազմի ղեկավարի միջեւ: Իսկ որոշ մարդկանց փորձերը` հակասություններ ստեղծել նախագահի աշխատակազմում, մշտապես դատապարտված են»: