Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին զորքերը Քիրքուքի վիճելի նավթային տարածք մտցնելու իրավունք է ստացել խորհրդարանից։ Երկուշաբթի Իրաքի ինքնավար Քուրդիստանում, այդ թվում նաեւ այն շրջաններում, որոնք պաշտոնապես չեն մտնում Իրաքի կազմի մեջ, Բաղդադի կողմից չճանաչված անկախության հանրաքվե էր անցկացվել։ Զինված ուժերի գերագույն հրամանատարը իրավունք է ստանում ձեռնարկել բոլոր սահմանադրական եւ իրավական միջոցները Իրաքի ամբողջականության պահպանման եւ իր քաղաքացիների պաշտպանության համար, ուժային կառույցներին հրաման տալ վերադառնալ եւ տեղակայվել բոլոր վիճելի շրջաններում, այդ թվում՝ Քիրքուքում։

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ժամանակ քրդերը զբաղեցրել էին Քիրքուքի շրջանները։

 Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի պաշտոնական տվյալները կհրապարակվեն հինգշաբթի։ Իրաքի իշխանությունները հանրաքվեն ոչ լեգիտիմ են որակել եւ ընդգծել, որ բանակցություններ չեն վարի ինքնավար շրջանի իշխանությունների հետ։ Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել նաեւ Իրաքի Քուրդիստանի հարեւանները՝ Թուրքիան եւ Իրանը, ինչպես նաեւ ԱՄՆ–ն  ու ՄԱԿ–ը։