Հայաստանը մի հետաքրքիր ժամանակաշրջան է ապրում: Մեր երկիրն ունի Սերժ Սարգսյան՝ չունի նախագահ, ունի Տիգրան Սարգսյան՝ չունի վարչապետ, ունի Ալիկ Սարգսյան՝ չունի ոստիկանապետ։ Այսինքն կան մարդիկ, չկան համակարգեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Անդրադառնալով «կլանաօլիգարխիկ համակարգը» փոխելու հնարավորությանը, նա կարծիք հայտնեց, որ անհնար է այդ համակարգը փոխել, եթե դու ինքդ գտնվում ես այդ համակարգի մեջ: «Որպեսզի մարդ կարողանա կլանաօլիգարխիկ համակարգն իսպառ փոխել, այսինքն բոլորին դուրս բերել քաղաքական դաշտից, այնուհետեւ ներս բերել հարկային դաշտ, աշխատել էթիկայի օրենքներով, դեմոնոպոլիզացնել դաշտը եւ այլն, պետք է ինքը դուրս լինի այդ համակարգից»,-նշել է ՆԺԿ ղեկավարն ու հավելել. «Այլապես ստացվում է, որ մարդը նստած է այդ համակարգի վրա, սղոցը տալիս ես ձեռքը եւ ասում ես՝ նստածդ համակարգը պետք է կտրես»:
Ուղղակի ըստ Կարապետյանի, իշխանությունը մի քանի հավատարիմ մարդկանց պատժելով ցույց է տալիս, որ կա իշխանություն:
Նա կանխատեսեց, որ ներիշխանական դաշտում դեռ էլի կլինեն բացահայտումներ, նոր ֆորսմաժորային իրավիճակներ:





























