Նախընտրելի կլիներ, որ իրենց պարտականությունների հարցում թերացած եւ իրենց պաշտոնեական լիազորությունները վերազանցած պաշտոնյաների նկատմամբ կիրառված գործողությունները շարունակական բնույթ ունենային: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 10-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետի եւ արդարադատության նախարարի պաշտոնանկությանը:
«Լավ կլիներ որ դա ունենար իրավական բնական ընթացք, որ նրանք, ովքեր այս ոտնձգությունների ենթակա զոհերն էին, իրենք դիմեին իրավապահ մարմիններին եւ դատական կարգով որոշվեր մեղավորության հարցը, որի հիման վրա գործադիր իշխանությունը, նախագահական նստավայրը կարող էր քայլեր կատարել»,-նշեց Հովհաննիսյանը: Նա նաեւ հավելեց, որ նախագահի այդ քայլը, որպես իրավական հակազդեցություն ողջունելի է, բայց իրավական արժեք եւ բովանդակություն չի ունենա այնքան ժամանակ, «քանի դեռ այս գործելաոճը չի դարձել օրենքի իշխանության կիրառման արտացոլանք»:
«Բազմաթիվ մարդիկ ծեծվում են տարբեր պաշտոնյաների՝ թե՜ կառավարության անդամների, թե՜ մարզպետների, քաղաքապետների կողմից, բայց քանի որ ենթակա զոհը մոտիկ չէ իշխանությանը, յուրային չէ, պետական պաշտոնյա չէ, այդ հարցը երբեք հասարակական քննարկումների եւ դատական լսումների առարկա չի դառնա»,-նկատեց «Ժառանգության» հիմնադիրը: Նրա խոսքով՝ ծեծի եւ այլ բռնությունների հայուրավոր դեպքեր են եղել մինչ այդ, սակայն դրանց ընթացք չի տրվել: «Եթե սա ազդակ է ապագա աշխատաձեւի համար, շատ լավ է, բայց սա պետք չէ կլանային, կուլիսային որոշումների արտացոլանք լինի, այլ օրենքի տառի հավասար կիրառման գրավական դառնա»,-եզրափակեց Հովհաննիսյանը:





























