Աստանայում տեղի ունեցած զարգացումները ԼՂ խնդրի շուրջ էլ ավելի խորացրին խնդրի շուրջ առկա փակուղին: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:  Նա նշեց, որ կողմ է խաղաղ բանակցություններին եւ հարցի դիվանագիտական լուծմանը, սակայն ԼՂ կարգավիճակի ճանաչումը Հայաստանի անվտանգության գործառույթն է:

Նա, նաեւ անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ներկայացված ԼՂ անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի քվեարկությանը եւ նկատեց, որ խորհրդարանում կան արցախյան պատերազմի մասնակիցներ, ովքեր սակայն դեմ քվեարկեցին օրինագծին: Նա շնորհակալություն հայտնեց ՀՅԴ-ին եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանին, ովքեր «քաղաքացիական խիղճ եւ ողնաշար» ունեցան եւ կողմ քվեարկեցին օրինագծին:

«Մինչդեռ արցախյան պատերազմին մասնակցած պատգամավորները դեմ քվեարկեցին, այսպիսով ցույց տալով, թե ինչ գին ունի իրենց համար Արցախի ճանաչումը: Ղարաբաղի ճանաչման հարցն ինձ համար հայոց ինքնության եւ պետական շահի տեսակետից նույնքան ողնաշարային է, որքան ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-հայտարարեց «Ժառանգության» հիմնադիրը: Նա  Ղարաբաղի ճանաչմանը վերաբերող քվեարկությանը չմասնակցելը համեմատում է ցեղասպանության ճանաչման հարցին չքվեարկելու հետ: «Կյանքն առջեւում է, 19-ամյակն է Արցախի հանրաքվեի, ունենք մի տարի մինչեւ 20-ամյակը, եւ որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը, պետականությունը չմնա չճանաչված, ինչպես ցեղասպանությունն է, անհրաժեշտ է, որ ճանաչման գործընթացը հասնի իր ավարտին մինչեւ 20-ամյակը»,-ասաց Հովհաննիսյանը: