Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից բավական կարեւոր իրադարձություն էր եւ ձեռնտու էր Հայաստանին։ Դեկտեմբերի 10-ին՝ ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը։
«Աստանայի գագաթաժողովը Հայաստանին ձեռնտու էր հատկապես հետեւյալով. տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանը տեսնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային հանրության տեսակետներն իր համար անընդունելի հունով են ընթանում։ Այն ապտակը, որ ստացավ ադրբեջանական դիվանագիտությունն Աստանայում, զգաստացնող պետք է լինի, քանի որ բոլոր ելույթ ունեցողները հստակ ընդգծում էին հիմնարար երեք սկզբունքների հավասարությունը եւ դրանցից այս կամ այն մեկի ոչ գերակա լինելու անհրաժեշտությունը»,- ասաց Մինասյանը միաժամանակ տեսակետ հայտնելով, որ ԵԱՀԿ եռանախագահող երկրների ղեկավարներն ավելի ու ավելի հակվում են հակամարտության լուծման հայկական կողմի համար ընդունելի տարբերակներին, մինչդեռ ադրբեջանական դիրքորոշումները գնալով անընդունելի են դառնում, ինչն էլ վկայում է, որ Հայաստանի եւ միջազգային հանրության ընկալումները Ղարաբաղի հարցում համընկնում են:
Անդրադառնալով Աստանայում կայացած գագաթաժողովի՝ Հայաստանի համար առավել ձեռնտու դրվագներին՝ հանրապետական պատգամավորն առանձնացրեց ՄԱԿ-ի կանոնադրությանը հղում կատարելու հանգամանքը, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի ելույթը։ «Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, ինչը ոչ մի առարկության չարժանացավ ԵԱՀԿ-ի կողմից։ Կարեւոր էր նաեւ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկաման դեպքում Հայաստանի՝ ԼՂՀ դե յուրե ճանաչելու մասին նախագահի հայտարարությունը»,- նկատեց հանրապետական գործիչը։
Վերջում ՀՀԿ-ական պատգամավորը չբացառեց դիվանագիտական ճակատում անհաջողություններ կրած Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման կամ սադրիչ գործողություններ հրահրելու հավանականությունը։





























