ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն արդեն 9 ամիս է, ինչ Բարաք Օբամային ծխելիս չի տեսել. հայտնում է FP-ն:

Վաշինգթոնյան հարցազրույցի ժամանակ լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ Օբաման թողել է ծխելը, Գիբսը պատասխանել է. «Արդեն մոտ 9 ամիս է, ինչ ոչ տեսել եմ, ոչ էլ ներկա եմ գտնվել նրա ծխելուն»:

Չնայած այնպիսի սթրեսային քաղաքական երկխոսություններին, ինչպիսիք են Հանրապետականների հետ վարկերի քննարկումը կամ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) թեմայով Ռուսաստանի հետ երկխոսությունները` Օբաման չի տրվել ծխախոտ վերցնելու գայթակղությանը, ընդգծել է Գիբսը, ով ավելի վաղ հայտնել էր, որ պատահել է` օրը 24 ժամ նախագահի հետ է անցկացրել:

Մարտի սկզբին Գիբսը հայտնել էր, որ Օբաման որոշել էր թողնել ծխելը` բժիշկների խորհրդով: Բժիշկները եզրակացրել էին, որ Օբաման լավ առողջություն ունի` միայն թե միանշանակ խորհուրդ են տվել թողնել ծխելն ու հետեւել սննդակարգին` արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնելու նպատակով: Գիբսի տեղեկացմամբ` Օբաման նիկոտինային բաղադրությամբ մաստակ է օգտագործում:

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ 2008-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում օրական 5-6 գլանակ էր ծխում: Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նա խոստացել էր թողնել ծխելը: Անցած տարվա հունիսին Օբաման խոստովանել էր, որ վնասակար սովորությունից հրաժարվել է մոտ 95 տոկոսով, սակայն ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տվել ծխախոտը օգտագործել:

Հայտնի է, որ Միշել Օբաման ամուսնու վատ սովորությունը չի խրախուսում ու բժիշկների նման հորդորում է նրան բացարձակապես հրաժարվել ծխախոտից: