Զենքի գործադրմամբ չորս զինծառայողների սպանության եւ երեք զինծառայողների մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանի դատապաշտպանների միջնորդությունը բավարարվել է:  Զինծառայողը վաղն առավոտյան կտեղափոխվի Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հազրոյանի փաստաբանը՝ Կարեն Թումանյանը: Նա եւ Հազրոյանի մյուս փաստաբանը՝ Էդմոն Մարուքյանն ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օրերս միջնորդություն էին ներկայացրել Պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը՝ վերջինիս նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու եւ ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխելու մասին: Պաշտպանները մտավախություն ունեն, որ ԼՂՀ-ում, ուր այժմ գտնվում է Հազրոյանը, վերջինիս անվտանգությունը երաշխավորված չէ, հաշվի առնելով այն, որ ժամանակ առաջ տուժողների հարազատները փորձել են վենդետա իրականացնել զինծառայողի նկատմամբ:

Փաստաբանը տեղեկացրեց, որ առայժմ հայտնի չէ, թե որ հիվանդանոց է տեղափոխվելու Հազորյանը, քանի որ ՊՆ քննչական ծառայությունը այս մասին հստակ բան չի ասել: NEWS.am-ի թղթակցին եւս ՊՆ քննչական ծառայությունից խուսափեցին հայտնել, թե որ հիվանդանոց է տեղափոխվելու Հազրոյանը, ինչպես միշտ պատճառաբանելով, թե դա կարող է խանգարել նախաքննության ընթացքին:

Ի դեպ, Հազրոյանի փաստաբանն ասաց նաեւ, որ իրենց պաշտպանյալը թեեւ ցուցմունք է տվել, «որը նման է խոստովանական ցուցմունքի», սակայն. «մեզ հայտնել է տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են եւ դրանք առայժմ չենք հրապարակայնացնի»:  

Կարեն Թումանյանը տեղեկացրեց նաեւ, որ Հազրոյանը ենթարկվել եւ ենթարկվում է մի շարք՝ դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների, որոնց արդյունքներն առայժմ հայտնի չեն: Նա նշեց, որ Հազրոյանը ստացել է հրազենային վնասվածք՝ որովայնի եւ ճակատի հատվածում: Հրազենի փամփուշտը ծակել եւ դուրս է եկել նրա որովայնից, իսկ մյուս փամփուշտը վնասվածք է առաջացրել նրա ճակատի հատվածում: Զինծառայողի մարմնից փամփուշտ չի հայտնաբերվել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մանվել Հազրոյանը մեղադրվում է նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ: Միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ՝ Լեւոն Եսայանը, Ներսես Գալոյանը, Նարեկ Սահակյանը, Նվեր Սարգսյանը: Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Մելքումյանը, Խաչիկ Ալեքսանյանը, Մասիս Գրիգորյանը եւ Մանվել Հազրոյանը: Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները:

Հ.Մանուկյան