«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց հրաժարականից հետո Երեւանի նոր քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Նրա խոսքով, եթե դատելու լինենք մամուլի հրապարակումներից, ապա ամեն ինչում մեղավոր է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, քանի որ հենց նա է զբաղվել Պլասիդո Դոմինգոյի համերգի հրավիրատոմսերը բաժանելով։ «Հայաստանում ամեն բան տրամաբանությունից դուրս է։ Այս իրավիճակը ոչ մի ներքաղաքական նշանակություն էլ չունի։ Գագիկ Բեգլարյանն ինքն իրեն վնասեց»,- նշեց Կարապետյանը։
Նա նաեւ ասաց, որ Բեգլարյանն այս փուլում խռովություն չի բարձրացնի, քանի որ «նրան իր տեղը դրեցին»։
Նշենք, որ ամեն ինչ տեղ ունեցավ Պլասիդո Դոմինգոյի՝ նոյեմբերի 4-ին Երեւանում կայացած համերգից հետո։ Հայկական լրատվամիջոցների տվյալներով, քաղաքապետի կինն իր ընկերուհու հետ նստում է նախագահ Սերժ Սարգսյանի կողքի բազկաթոռին։ Նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Կանդայանը նրան խնդրում է փոխել իր տեղը։ Սա բարկացնում է Բեգլարյանի կնոջը եւ նա բողոքում է ամուսնուն։ Բեգլարյանը համերգից հետո ծեծում է Կանդայանին։ Դրանից հետո Հայաստանի նախագահը նրան ազատում է պաշտոնից:





























