ԱՄՆ քաղաքացիական  ավիացիայի դաշնային վարչությունը (Federal Aviation Administration, FAA) կորցրել է երկրում առկա 357 հազար մասնավոր եւ առեւտրային օդանավերի երրորդ մասի տվյալները: FAA-ում մտավախություն ունեն, որ տվյալներից կարող են օգտվել ահաբեկիչներն ու թմրավաճառները:

Պարզվել է, որ 119 հազար օդանավերի փաստաթղթերը, մեղմ ասած, կասկածելի են: Որոշ դեպքերում բացակայում է սեփականատիրոջ անունը, կամ չկան տվյալներ օդանավի վերավաճառքի վերաբերյալ: 

Պարզվել է նաեւ, որ 16 հազար օդանավեր վաճառվել են նոր սեփականատերերի, սակայն փաստաթղթերում դա չի արտացոլվել: Իսկ մոտ 14 հազար օդանավերի արտոնագրեր չեղյալ են հայտարարվել, բայց օդանավերն, ըստ ամենայնի, շարունակում են թռիչքներ կատարել:

FAA-ն որոշում է կայացրել մասնավոր եւ առեւտրային օդային տրանսպորտի լիակատար ստուգում իրականացնել: 2011թ. բոլոր արտոնագրերը չեղյալ կհայտարարվեն, եւ նոր սեփականատերերը ստիպված կլինեն կրկին գրանցվել, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: