Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է կրթական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքի որոշման  հակառակորդների` Կրթության նախարարության մոտ հրահրած միջադեպի մասին:

«Այնպիսի միջոցառման անցկացումը, որն ուղղված է հասարակական կարգի խաթարմանը, անցանկալի է: Այսօր մի խումբ մարդիկ փորձեցին քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցված երթ անցկացնել: Ապօրինի ձեռնարկումը անմիջապես դադարեցվել է ոստիկանության նարիմանյան շրջանային վարչության աշխատակիցների կողմից: Ոստիկանության աշխատակիցների կողմից տարվող պրոֆիլակտիկ զրույցներից հետո` ակցիայի մասնակիցները ցրվել են»:

«Նրանցից մի քանիսն, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, դիմադրություն են ցույց տվել: 16 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք. նրանցից 5-ին զգուշացում է արվել, որից հետո բոլորը բաց են թողնվել: 11 ցուցարարների գործով նյութերը ուղարկվել են շրջանային դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր Կրթության նախարարության մոտ փորձ է արվել իրականացնել ցույց «Ազատություն հիջաբին» կարգախոսով: Հանրահավաքի ընթացքում հնչել են «Ազատություն գլխաշորին», «Ալլահ աքբար» կարգախոսները: