5 մարդ, այդ թվում՝ մի ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել Կանադայի Էդմոնթոն քաղաքի կենտրոնում անհայտ անձի հարձակման հետեւանքով: Ոստիկանությունը հարձակումը որպես ահաբեկչական ակտ է հետաքննում, փոխանցում է RFI-ն:

Կիրակի լույս գիշերը ավտոմեքենայով տղամարդը մխրճվել է պաշտպանական պատնեշի մեջ եւ վրաերթի ենթարկել մի ոստիկանի: Նա այնուհետեւ մեքենայից դուրս է եկել, ընկած ոստիկանին դանակով մի քանի անգամ հարվածել եւ թաքնվել: Մի քանի ժամ հետո, հոկտեմբերի 1-ի առավոտյան նույն տղամարդը մեկ այլ ավտոմեքենայով փորձել է անցնել ճանապարհային շրջափակումը՝ դուրս գալով մայթ եւ վրաերթի ենթարկելով 4 հետիոտնի: Դրանից հետո ոստիկանները նրան ձերբակալել են:

Ոստիկանության սպայի վրա հարձակումը եւ 4 հետիոտնի վրաերթի ենթարկելը որպես ահաբեկչական ակտ է հետաքննվում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Էդմոնթոնի ոստիկանության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ կասկածյալի ավտոմեքենայից առգրավվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Հարձակվողի անձը պարզվում է: Ոստիկանության տվյալներով՝ նա մոտ 30 տարեկան է: