Մերձմոսկվայում ձերբակալվել է պետերբուրգյան ձեռնարկատերերից մեկից 25 տոննա բեկոն եւ 25 տոննա խոզի ճարպ գողացողներից մեկին:
Նախօրեին ոստիկանություն է դիմել Սանկտ-Պետերբուրգի մսամթերքի խոշոր ընկերություններից մեկի 41-ամյա կոմերցիոն տնօրենը: Նա հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին ընկերության պահեստներից մեկից գողացել են 50 տոննա միս՝ շուրջ 5 մլն ռուբլի արժողությամբ: Խաբեբաները կեղծ փաստաթղթերով պահեստապետից ստացել են ապրանքը, ասելով, որ այն շտապ պետք է տեղափոխել Չելյաբինսկի մարզ: Նրանք ողջ ապրանքը բեռնել են սառցարան-ավտոմեքենաների մեջ եւ անհետացել:
Պահեստի աշխատակիցները ֆիքսել են մեքենայի համարը: Ոստիկանները պարզել են մեքենայի տիրոջը եւ պարզել, որ նրան վարձել են մեկ անգամյա պատվեր կատարելու համար: Ապրանքը հայտնաբերվել է Մերձմոսկովյան Ժելեզնադորոժնի քաղաքում: Հենց այստեղ էլ ձերբակալվել է խարդախներից մեկը՝ 35-ամյա հայաստանցին: Հետաքննությունը փնտրում է նրա հանցակիցներին:




























