Որ լրատվական  դաշտում կոռումպացվածություն կա, միանշանակ է. դրա դրսեւորումն առաջին հերթին լրատվամիջոցների ոչ թափանցիկ ֆինանսական գործունեությունը եւ ոչ թափանցիկ սեփականության հարցերն են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով լրատվական դաշտում առկա կոռուպցիոն երեւույթներին։

«Լրատվամիջոցների սեփականության առումով հասարակությունը տեղեկություններ համարյա թե չունի, ինչը կոռումպացվածության ակնհայտ դրսեւորում է»,- ընդգծեց Նավասարդյանը։

Նրա խոսքով, կոռումպացվածության ամենաբարձր մակարդակն առկա է հեռուստատեսության ոլորտում։ «Երեւույթը հատուկ է նաեւ մամուլին։ Թերթերի դեպքում, իհարկե, առկա է ստվերային գումարների, սեւ փողերի օգտագործում։ Ինտերնետային լրատվամիջոցներում էլ մոտավորապես նույն  վիճակն է, ինչ տպագիր մամուլում: իսկ մամուլում, ինչպես արդեն ասացի, ոչ փաթանցիկ ֆինանսական գործառույթներ են, կոռուպցիայի առավել պարզունակ դրսեւորումներ, ինչպիսիք են պատվերով հոդվածները, երեւույթ, որ պակաս չափով կա նաեւ լրատվամիջոցների մյուս տեսակներում»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով, քանի որ տեղեկատվական դաշտն ընդհանրապես հիվանդ է, որքան էլ զարգացում ապրի ինտերնետը, կոռուպցիոն վտանգները կներփաթանցեն նաեւ ինտերնետային լրատվամիջոցներ, կթափանցեն, եթե, իհարկե,  նույն այդ տեղեկատվական ոլորտում լուրջ փոփոխություններ չկատարվեն:

Նշենք,որ նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն, ի թիվս այլ ոլորտների վերաբերյալ տվյալների, թվեր էր ներկայացրել նաեւ լրատվական դաշտի վերաբերյալ, համաձայն  որոնց Հայաստանում լրատվական դաշտի կոռումպացվածությունը կազմում է շուրջ 25 տոկոս: