Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում կայացած նիստում չի հասցրել լսել Վեհաժողովի ընդունած 1677 բանաձեւով նախատեսված` Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նիստի ավարտից հետո «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, թե Մոնիտորինգի նիստը շատ ծանրաբեռնված օրակարգ է ունեցել, եւ հարցերի քննարկումը Հայաստանի հարցի քննարկման ժամանակ ընդհատվել է:
Դավիթ Հարությունյանը նաեւ նշել է, թե «որեւէ նախադրյալ չկա այս պահին, որ մեր հարցը պետք է քննարկվի Վեհաժողովում, Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակ հարցը քննարկման առարկա է լինելու»:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը հստակեցրել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին` ԵԽԽՎ-ի նստաշրջանի ժամանակ:
Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ մի շարք անհետաձգելի հարցեր է քննարկել, եւ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի եւ Սերբիայի հարցերը պիտի քննարկվեին օրակարգի վերջում:




























