Ռուսաստանի առաջին տիկինը Բելգիայի Բրյուգե քաղաքում մնացել է ընդամենը մեկ օր, բայց հասցրել է ամեն ինչ գլխիվայր շուռ տալ: Լրագրողների խոսքով, տիկին Մեդվեդեւան Բրյուգեի համար դարձել է վերջին տարիների ամենախոշոր տհաճ դեպքի «հերոսը»:
Դեկտեմբերի 8-ին ՌԴ նախագահը Բրյուսելում հանդիպել է իր բելգիացի գործընկերոջ՝ Հերման վան Ռոմպեյի հետ, իսկ նրա կինն այդ ընթացքում ծանոթացել է Բրյուգե գաղաքի տեսարժան վայրերին:
Նախ նա Բրյուգեի քաղաքապետի հետ հանդիպել է նախատեսված ժամից 2 ժամ ուշացումով: Մեդվեդեւայի օգնականները նրա ուշացումը բացատրել են նրանով, որ ՌԴ առաջին տիկինը ցանկացել է հանգստանալ երկար ճանապարհից: Երբ Բրյուգեի քաղաքապետը շնորհավորել է Մեդվեդեւային, որ Ռուսաստանը շահել է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իր երկրում անցկացնելու իրավունքը (նման հավակնություններ ուներ նաեւ Բելգիան), ՌԴ առաջին տիկինը հեգնանքով նետել է. «Հաղթողն ստանում է ամեն ինչ»:
Պաշտոնական մասից հետո Մեդվեդեւան այցելել է ժամյակների անտիկվարիատի խանութ եւ իր համար ընտրել մի ժամյակ, որը պատրաստված է 18-րդ դարում: Խանութի սեփականատիրոջը երկար ժամանակ է պահանջվել, հյուրին բացատրելու համար, որ այդ ժանյակը չի վաճառվում:
Դրանից հետո Մեդվեդեւան այցելել է շոկոլադի թանգարան, որտեղ նույնպես խառնաշփոթ է ստեղծել: ՌԴ առաջին տիկնոջ այցելությունից առաջ նրա անվտանգության ծառայության աշխատակիցները ամեն ինչ քանդուքարափ են արել՝ թանգարանում պայթուցիկ սարք հայտնաբերելու համար, որն այդպես էլ չեն հայտնաբերել: Թանգարանի այցելուներին նրանք ստիպել են մի քանի ստուգումից հետո նոր ներս մտնել:
Այնուհետեւ Մեդվեդեւան գնացել է ընթրելու, բայց ոչ այն բարձրակարգ ռեստորանում, որտեղ պատվիրված է եղել 20 սեղան: Ընդ որում, ոչ ոք իրեն նեղություն չի տվել չեղյալ համարել պատվերը:




























