«Մի քանի օր առաջ Մոսկվայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հավաքատեղի դարձած «Ararat Park Hyatt» հյուրանոցում վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Սարգսյանի միջեւ: Այդ «ռազբորկային» ականատես են եղել մոսկվայաբնակ մի խումբ հայեր:

Հիշեցնենք, որ 2004 թվականի վերջին ԱԱ ծառայութնա պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվելուց անմիջապես հետո Կ.Պետրոսյանն ապրում է Մոսկվայում:  Նա ռուսական «Транснефть» նավթային ընկերությունում խորհրդականի հաստիք է զբաղեցնում: Իակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ս. Սարգսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը՝ 2003-2007 թթ., Վայոց Ձորի մարզպետն է եղել, մոսկովյան «Ararat Park Hyatt» հյուրանոցի կառուցապատող եւ բաժնետեր, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի եղբայրն է:

Վեճն այնքան բուռն է եղել, որ նրանց ձայները տարածվել են հյուրանոցով մեկ: Վիճաբանության առարկան վերաբերել է ինչ-որ բիզնեսից (ամենայն հավանականությամբ՝ հենց այդ հյուրանոցից) Կառլոս Պետրոսյանին պատկանող բաժնեմասի դիմաց վճարվելիք գումարներին կամ դրա տրամադրման ձեւին: Պատգամավորն ասել է, որ այդ գումարները սովորաբար փոխանցվում են հաշվեհամարին, ինչին Կ.Պետրոսյանը հակադարձել է. «Փայս քյաշով պըտի տաք, ոչ թե փոխանցումներով...Արա, քո՞ւ չափ մարդ եմ տեսել իմ կյանքում....»,-գրում է «168 ժամ»-ը: