Մեքսիկայում գնդակահարվել է «Լա ֆամիլիա» թմրակարտելի ղեկավար Նասարիո Մորենո Գոնսալեսը: Նա սպանվել է Ապացինգան քաղաքում ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին հայտնում է France-Presse գործակալությունը:
Գրոհայինները իրենց առաջնորդի դիակը տարել են իրենց հետ, սակայն իշխանությունները վստահ են, որ նա հաստատ սպանվել է:
Մեքսիկայի կառավարությունից հայտնել են, որ հատուկ գործողության արդյունքում զոհվել է առնվազն 3 տեղի բնակիչ, 3 գրոհային (բացի Մորենոյից) եւ 5 ոստիկան:
Մորենոն համարվում էր Մեքսիկայի թմրակարտելների ամենափնտրվող ղեկավարներից մեկը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար պարգեւը կազմել է 2,4 մլն դոլար: Հենց այդ տեղեկությունն էլ օգնել է գտնել նրան ու սպանել:
«Լա ֆամիլիա» թմրակարտելն առանձնացել էր «Ծոցի կարտել»-ից 2006-ին: Այս խմբավորումը հարգում է ընտանեկան արժեքները, ինչպես նաեւ քրեական բիզնես վարելու կիսակրոնական փիլիսոփայությունն ու դաժան մեթոդները, հաղորդում է Lenta.ru-ն:





























