Ամերիկայի թուրքական կոալիցիան դատարան է դիմել՝ ընդդեմ Մինեսոտայի համալսարանի։
Բանն այն է, որ կենտրոնն իր կայքում ուսանողներին խորհուրդ է տալիս ցեղասպանությունների վերաբերյալ գրականություն ուսումնասիրելիս չօգտվել որոշ գրքերից։ Կենտրոնը կասկածելի եւ ստահոդ գրականության ցանկում է ներառել նաեւ Ամերիկայի թուրքական կոալիցիայի կայքը, ինչն էլ վրդովմունք է առաջացրել թուրքերի մոտ, որոնց կարծիքով վարկաբեկվում է իրենց բարի համբավն ու այլախոհության իրավունքը։
Այս կապակցությամբ ֆրանսահրեաների LArche թերթի գլխավոր խմբագիր Մեյր Ուեյնթրեյթերը գրում է, որ թուրքական կոալիցիան մեղադրում է ամբողջ համալսարանին զրպարտության մեջ։ «Բնականաբար համալսարանը պաշտպանվում է, եւ դատարանում հաղթանակի մեծ հնարավորություններ ունի, սակայն այստեղ խնդիրն այդ չէ։ Այս դեպքը վերաբերում է բոլորին, այդ թվում նաեւ Ֆրանսիայում ապրող հրեաներին։ Այն ինչ տեղի է ունենում Մինիապոլիսում վաղը կարող է կրկնվել Փարիզում»,- նշում է Ուեյնթրեյթերը։
«Նման գործողության վտանգավորությունը մարդկանց սրտերում Ցեղասպանությունների իսկության վերաբերյալ կասկածանքի սերմանումն է»,- նշել է նա:
«Մեր շրջանում էլ կան ցեղասպանություններ մերժողներ, բայց նրանք փորձում են մյուսներին պարտադրել, իրենց ատելությունն ու մերժողականությունն ընդդեմ ցեղասպանությունների։ Այս համալսարանի պայքարն ընդդեմ մերժողականության մեր պայքարն է»,- նշել է հրեական թերթի խմբագիրը:
Նշենք, որ Մինեսոտայի նահանգապետի 2005 թվականի որոշմամբ ապրիլի 24 նահանգում հայտարարված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հիշատակի օր։





























